ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ո՞վ է ասում, որ սյան մի մասը կարելի է տեղափոխել, եթե մյուս կեսը չկա» (ֆոտոշարք)

«Ո՞վ է ասում, որ սյան մի մասը կարելի է տեղափոխել, եթե մյուս կեսը չկա» (ֆոտոշարք)
10.11.2012 | 13:50

ՀՀ կառավարության թույլտվությամբ` Հայաստանի պատմության պետական թանգարանի հրապարակահայաց բաց սյունասրահում կազմակերպվում է «Քարերը ժողովելու ժամանակը» ժամանակավոր ցուցադրություն: Սույն հայտարարությունը, որ տարածվեց ամիսներ առաջ առանձնապես ուշադրություն չգրավեց: Հասարակության շրջանում դժգոհության ալիք բարձրացավ միայն այն ժամանակ, երբ հրապարակվեց ծրագրի շրջանակում մարզերից Երևան բերվող հուշարձանների ցանկը: Քարերի տեղահանմանը անմիջապես հաջորդեցին ծրագիրը տապալելու կոչերը:

Իսկ մտահղացման նպատակը, ինչպես մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն ԱՆԵԼԿԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ցուցադրությունն է: Նրա խոսքով` Երևան են բերվելու այն բեկորները, որ անտեր ու դուս վեր են ընկած: Ցանկում չկան ֆիքսված հուշարձաններ, խաչքարեր, փոխարենը երկու կես արված հուշարձան կա, որ չի կարելի թողնել այդ վիճակում: Ցուցադրությունից զատ, կատարվելու են ամրացման և վերականգնման աշխատանքներ: Երևի պատահական չէ, որ սկզբում ծրագիրը կրել է «Փրկված քարեր» խորագիրը, հետո վերանվանվել է ու հարմարեցվել անկախության տոնին: Տեղում դրանք հնարավոր չէ վերականգնել, քանի որ թանգարանի տնօրենի պարզաբանմամբ` բերվելու են, օրինակ, Բարձրաքաշից ընկած բեկորներ: Իսկ 600 մետր խորություն ունեցող ձորում վերականգնման աշխատանքներ իրականացնել հնարավոր չէ:
Պատմական գիտությունների դոկտոր ՀԱՄԼԵՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, անդրադառնալով խնդրին նշում է, որ միանգամայն տեղին է քննադատությունը, թե դա իշխանությունների ուղղակի չմտածված և վնասարար հերթական քայլն է` ուղղված մեր մշակութային ժառանգությանը, սակայն կարծում է, որ պատճառն ավելի խորքային է: Ըստ նրա` պետությունը, եթե նույնիսկ ամեն ինչ անում է առանց կոռուպցիայի և մասնագիտական լուրջ մակարդակով, բարեխիղճ ձևով (իսկ դա բացարձակապես այդպես չէ), ի վիճակի չէ իր ուժերով պահպանելու մեզ հասած վիթխարի ժառանգությունը: «Կառույցներն ու կոթողները փլվում են, ավերվում են, կոթողներն ու քանդակազարդ քարերը ցան ու ցիր են լինում, նաև անհետանում: Եվ ահա գտել են հեշտ ձևը. սկսել դրանց թանգարանացման գործընթացը: Համոզված եմ, որ սա առաջին քայլն է: Նույնը սկսելու են անել մնացած թանգարանները, նույն գործընթացը կտեղափոխվի մարզեր»,- ասում է նա:
Շատերին վրդովում է երևանակենտրոն քաղաքականությունը, որը խախտում է մարզերում տուրիզմի համաչափ զարգացումը: Ոմանք էլ առաջարկում են բեկորների կրկնօրինակը պատրաստել. կցուցադրվեն ևպատմական արժեքները, և քարտեզի միջոցով կնշվի այն վայրը, որտեղ կարելի է տեսնել կոթողի բնօրինակը:
Նշենք, որ «Իրատես de facto»-ն դեռևս սեպտեմբերի 25-ի համարում ընթերցողի ուշադրությանն էր ներկայացրել պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, վերականգնող ճարտարապետ ՍՏԵՓԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ դիտարկումները խնդրի շուրջ: Պարոն Նալբանդյանին խնդրեցինք պատասխանել մեր մի քանի հարցին ևս: Ճարտարապետը նախ նշեց, որ պատմամշակութային ժառանգության ճարտարապետական կոթողի ոչ մի բեկոր անտերուդուս գցած չէ Հայաստանում, դրանք բոլորը գրանցված քարեր են, կան և նորահայտ քարեր, որ պետք է գրանցվեն:

-Ի՞նչ կասեք այն բեկորների մասին, որ տեղ են գտել ցանկում, որքա՞ն է տրամաբանական կամ հրատապ դրանց տեղափոխումը` ցուցադրության, նաև վերականգնման նպատակով:
-Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակի կոթողների բեկորները շարված են, մարդիկ շատ հաճախ գնում են Մուղնի, որ այդ հին արժեքավոր սյուները, խաչքարերի բեկորները տեսնեն:
Ովքեր ուզում են Գորիսի պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալ, միանշանակ այցելում են տարածաշրջանի Վերիշենի միանավ եկեղեցին, որն ամենահին բազիլիկ եկեղեցին է և ամենամեծը Հայաստանում: Ցուցակում ընդգրկված Վերիշենի Սբ Հռիփսիմե եկեղեցու բակի խոյակը անտեր չէ:
Երևան է տեղափոխվում Բղենո Նորավանքի ութ պատկերաքանդակից մեկը, որ Նորավանքի ամենաթանկ քարերից է: Զբոսաշրջիկները հաճույքով գնում են այն գլուխգործոց վանքը, ուր ստեղծվել է «Էջմիածնի ավետարանը»` փղոսկրյա բացառիկ կազմով:
Բարձրաքաշի Սուրբ Գրիգոր եկեղեցին մեր միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է։ Իսկ դեպի վանք տանող կածանը Հայաստանում պահպանված միակ միջնադարյան ճանապարհը:
Բոլոր ճարտարապետները, պատմաբանները, հնագետները երազում են, թե երբ պետք է մի օր վերականգնվի Բարձրաքաշի Սուրբ Գրիգորը: Ես շուրջ 30 տարի գնում եմ, և ցուցակում նշված քարերը իրենց տեղում են, զբոսաշրջիկները շատ հաճախ գնում են հենց այդ գեղեցիկ, քանդակազարդ քարերը տեսնելու:
Հիմա էլ որոշ լրատվամիջոցներում նոր հայտարարություններով է հանդես եկել պատմության թանգարանի տնօրենը, որ այդ քարերը չեն վերադարձվելու: Ինչը ես ի սկզբանե ենթադրում էի, մանավանդ որ նախագիծը տեսել էի, կամարաշարի տակ բետոնե երեսպատված քարերով պատվանդաններ են: Ժամանակավորի համար այդպիսի բաներ չեն արվում:
Մենք անցած տարվանից գիտեինք նախագծի մասին և ծանոթ էինք ցուցակին: Մասնագետների բողոքի արդյունքում, նաև մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի ջանքերով 115-ը դարձավ 63, նախկին նամակում գրված էր մշտական ցուցադրություն, հասանք նրան, որ փոխվեց ժամանակավորի:

-Քարերը, որ տեղափոխվում են Երևան, ֆիքսված չեն. սա մեղմացնո՞ւմ է տեղահանման փաստը:
-Երբ ասում եք` չֆիքսված, ես պատկերացնում եմ սարի դոշին շպրտված: Դա էլ ուրիշ հարց է: Շպրտված ոչինչ չկա, եթե նույնիսկ խաչքարը ճանապարհին ընկած է, ես կնախընտրեի տրամադրվող գումարը մի քիչ ավելացնեին ու խաչքարը տեղում կանգնեցնեին, որովհետև իր պատմական վայրն է: Դա, ի վերջո, գերեզմանաքար է: Ի՞նչ է նշանակում գերեզմանաքարը վերցնել մեկ ուրիշ տեղ դնել, որ հաճախ է արվում այս երկրում, խաչքարերը աջ ու ձախ բաժանվում են, նվիրվում և այլն:
-Անբարվոք վիճակում, երկու կես եղած քարերը իրենց տեղում անմխիթար թողնելը որքա՞ն է ճիշտ:
-Անտեր, թափված, անբարվոք… Ոչ մի արդարացում չունեն այդ պատճառաբանությունները: Եթե այդպես նայենք, Հայաստանում գրանցված 26 հազար պատմամշակութային ճարտարապետական հնագիտական կոթողներից 25 հազարը թափված են, որովհետև անմխիթար, չվերականգնված վիճակում են: Եթե վերականգնված չէ, ուրեմն հավաքենք, ուր ասես տանե՞նք: Իսկ քարն իր տեղում գիտական արժեք է: Մասնագիտորեն ասեմ, եթե արևելյան պատի տակ է ընկած քարը, դնում են արևմտյան պատի տակ, մեզ արդեն մոլորության մեջ են գցում:
-Երևան են տեղափոխվում ոչ թե խաչքարեր, ամբողջական հուշարձաններ, այլ բեկորներ: Ի՞նչ կասեք սրա մասին:
-Վարդաբլուրի Ջգրաշեն եկեղեցու մոտ գտնվող խաչքարը բեկո՞ր է: Լոռի բերդի Անդրանիկի համար 6 տան բակի խոյակերտ տապանաքարերը փոխանակ դնեն բերդի պարսպի ներսում, Երևան են տեղափոխում: Սրանք ամբողջական խաչքարեր են, որ ճիշտ կլինի տեղադրվեն իրենց պատմական միջավայրում:
Արատեսի վանքը ավերակ վիճակում է, բեկորները թափված են, կան նաև տապանաքարեր, որոնց մի կեսը չկա: Ո՞վ է ասում, որ սյան մի մասը կարելի է տեղափոխել, եթե մյուս կեսը չկա: Պեղումներ կատարեք, գուցե մյուս քարը տեղում է և պետք վերականգնել: Բազմաթիվ նման օրինակներ կան:
-Ենթադրվում էր, որ ժողովուրդը իր համար թանկ քարերը պետք է թույլ չտար տեղափոխել: Կարծես ընդդիմության փորձեր չեն եղել:
-Երբ գործակալության աշխատակիցներն էին գնում քարը բերելու, արդյունք չկար, գյուղացիները վրդովվում էին, թույլ չէին տալիս, հիմա ոստիկանությունն է բերում:
Ինձ հասած լուրերով Սյունիքի մարզպետը զայրացել էր, որ Գորիսի երկրագիտական թանգարանից քարերը առանց իր իմացության տարել են, դեռ Հարժիս գյուղի բազմադեմ արձանիկները պիտի տանեն ու լուրջ պայքարի մեջ էր:
- Ովքե՞ր են ծրագրի կողմ և դեմ ուժերը:
-Կարող եմ ասել, որ պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի անդամներից ոչ մեկը կողմ չէ այն մտքին, թե քարերը պետք է տեղափոխել և փրկել:
Մենք ծայրահեղական չենք, իսկապես կան կոթողներ, այնպիսի միջավայրում են, այնպիսի վիճակում, որ պետք է միջոցներ ձեռք առնել: Ես դա հասկանում եմ և գնահատում եմ, բայց կնախընտրեի, որ վերականգնման աշխատանքները տեղում լինեին: Ասենք, Հաղպատի վանքի բակում կարող են տվյալ տարածքի բեկորների ցուցադրությունը կազմակերպել, ինչո՞ւ անընդհատ Երևան, քաղաք-պետությո՞ւն եք կառուցում:
-Մի տեսակ գաղտնի, անաղմուկ կատարվեց ամեն բան: Գոնե մինչ այս պահը:
-Երբեք չի հրապարակվել ծրագիրը: Մենք պատահաբար ենք իմացել: Մարզերի իրենց աշխատողները նույնպես դժգոհ են, բայց վաղուց պետք է արձագանքեին, այսօր ուշ է:
Բոլոր այս տեղափոխումները ասես միտումնավոր են, պատմությունն աղավաղելու համար, ամեն քար իր տեղում է պատմություն: Անպատմություն քար գոյություն չունի: Ինչո՞վ է տարբերվում Ջուղայի վերացված քարերից: Նրանք մեծ ծավալով ոչնչացրին, մենք հատ-հատ ենք անում:
-Նրանք ոչնչացրել են, մենք տեղափոխում ենք, որ փրկենք, վերականգնենք, ցուցադրենք:
-Դա փրկել չէ, դա պատմության ոչնչացում է, մենք Ջուղայից մոտ 30 խաչքարի տեղ գիտենք` Էջմիածնում, Մատենադարանում, Պատմության թանգարանում, այդ դեպքերը ես հասկանում են, որ փրկվել են խաչքարերը: Բայց երբ Ջուղան մի օր մերը լինի, ես ուրախ կլինեի, որ այդ խաչքարերը վերադարձվեին, թեկուզ որպես նմուշներ:


Զրույցը վարեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ
Հ.Գ.- Մեր զրույցից հետո տեղեկացանք, որ Երևան են բերվել 51 կոթող , թանգարանացման գործընթացից դուրս են մնացել նաև Հարժիսի քարերը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6862

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ